ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը գտնում է, որ կան բոլոր հիմքերը ՀՆԱ 7% աճ ապահովելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վ.Այվազյանը, սակայն, նշեց, որ բազում գործոններ կարող են խանգարել տնտեսական աճին՝ ճգնաժամային նոր ալիքներ, ներքաղաքական իրավիճակների որոշ բարդացումներ, ներքին իրավիճակներից սկսած մինչև արտաքին գործոններ:
«Եթե արտաքին մարտահրավերների լրջագույն փոփոխություն տեղի ունենա, կարող է իրավիճակային փոփոխություն լինի մեր մոտ: Օրինակ՝ Իրան-ԱՄՆ, ռուս-վրացական հակամարտության սրացում: Տարածաշրջանային ցանկացած տեղաշարժ, որ իր առջև կբերի նոր մարտահրավերներ, տնտեսության համար ցանկալի չի: Տարածաշրջանային կայունության պարագայում կկարողանան իրականացնել, և հիմնական ռեսուրսները մեր ներուժի վրա է հիմնված: Եթե կարողանանք իրականացնել առանց ցնցումների, կունենանք այդ 7% աճը»,- ասաց Վ. Այվազյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն ունի նաև շատ հստակ ժամանակացույց, և պետք է հաշվետվություններ ներկայացնի: 2013-ին նախագահական ընտրություններից հետո կառավարության ձևավորում և նորից ծրագրի հաստատում պետք է լինի: «Կառավարությունը ստուգարքի խնդիր ունի, որ պետք է ասի, թե ինչքանն է կատարել»,- նշեց Վ. Այվազյանը:
Հիշեցնենք, որ The Fund for Peace-ի «Ձախողված պետությունների»-2012 ինդեքս զեկույցում Հայաստանը 178 երկրների շարքում զբաղեցրել է 102-րդ տեղը: Ինդեքսի կազմման համար հաշվի են առնվել սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլ ցուցանիշներ:









































