Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մադիսին հայտարարել է, որ սիրիական կողմը չէր նախատեսել կործանել թուրքական կործանիչը, որը ներխուժել է այդ երկրի օդային տարածք, և տեղի ունեցածը անվանում է «պատահար»:
«Ամենակարևորը հիմա այն է, որ Թուրքիայի և Սիրիայի օդային ուժերը միացյալ աշխատանքներ են կատարում օդաչուներին գտնելու համար: Հույս ունեմ, որ մենք մոտ ժամանակներս նրանց կգտնենք, և պատահարը անցյալում կմնա»,- ասել է սիրիացի դիվանագետը՝ թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերով:
Նա ընդգծել է, որ տեղի ունեցածը ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես թշնամական վերաբերմունքի դրսևորում:
«Խոսքը միայն մեր սուվերենության պաշտպանության մասին է: Այս պատահարը ոչ մի դեպքում հարձակում չի կարելի համարել»,- նշել է սիրիական ԱԳՆ ներկայացուցիչը:








































