Արգենտինան չի ճանաչում Պարագվայի նոր կառավարությունը և նախագահ Ֆերնանդո Լուգոյի իմփիչմենթը համարում է «պետական հեղաշրջում»: Այս մասին հայտարարել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները մշակում են «գործողությունների ծրագիր» Պարագվայում իշխանափոխության համար: Նրա խոսքերով՝ Հարավամերիկյան ազգերի միության պետությունների ղեկավարները միասնական դիրքորոշում են գրավել Ռիո դե Ժանեյրոյի հետ՝ պայմանավորված նախագահ Ֆերնանդո Լուգոյի հեռացմամբ: Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան նույնպես Պարագվայի իրադարձությունները համարել է «անօրինական հեղաշրջում»՝ նշելով, որ այդ պետության նախագահ չի ճանաչում ոչ ոքի, բացի Լուգոյից:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ չի ճանաչում Պարագվայի նոր կառավարությունը: Ելույթ ունենալով նախագահական պալատում՝ նա ասել է. «Վենեսուելայի կառավարությունը և պետությունը չեն ճանաչում Անսունսիոնում ձևավորված նոր կառավարությունը»:
Իր հերթին Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ընդունել նոր նախագահին: Նա համոզված է, որ Լուգոյին իմփիչմենթ հայտարարելը միանգամայն անօրինական է:
Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լեոնել Ֆերնանդեսը դատապարտել է Պարագվայում տեղի ունեցած իրադարձությունները՝ նախագահին հեռացնելու քայլը համարելով «անօրինական և հակաժողովրդավարական»: Նա կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Պարագվայի նոր կառավարությունը՝ Ֆեդերիկո Ֆրանկոյի գլխավորությամբ:









































