Երեք տարի առաջ Պարսկաստանից Հայաստան ժամանած, հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի զարմիկը՝ Ալֆրեդ Ավետյանը, չէր պատկերացնում, որ նման բան կարող էր պատահել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ վերադարձել է հայրենիք լավատես այն հարցում, որ լավ ապագա է սպասվում իրեն և իր երեխաներին: «Նման բան տեսնելով՝ մեծ հիասթափություն եմ ապրում: Շատ ենք լսել նման դեպքերի մասին, բայց երբ մարդ իր մաշկի վրա է զգում, այլ է: Ես չգիտեմ՝ ինչպես բացատրել այս ամենը: Ես սովորական հարցով դիմեցի ոստիկանության աշխատակցին, ինձ չբավարարեց պատասխանը: Աշխարհում որևէ տեղ, երբ նման դեպք է պատահում, ամենաառաջինն ու ամենաքիչը, որ անում են՝ այդ տեղը փակում են մինչև քննչական գործողությունների ավարտը: Բայց այստեղ նման բան տեղի չունեցավ թեկուզ մեկ ժամով: Ոստիկանությունը նաև ասում է՝ սկզբում ճշտել են մեղավորներին, բայց եթե ճշտել են, ինչո՞ւ են հիմա ձերբակալում»,- իր մտահոգությունները հայտնեց Ալֆրեդ Ավետյանը՝ հավելելով, որ Վահեն վերակենդանացման բաժանմունքում է և իրենց՝ հարազատներին մնում է միայն աղոթել:









































