Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդին հատկացվող ամենամյա գումարը 20 տոկոսով ավելացվել է: 2013-2014 թվականներին այն կկազմի 36 միլիոն ֆունտ սթեռլինգ (56 միլիոն դոլար): Այս մասին, ինչպես գրում է Itar Tass-ը, հաղորդել է Crown Estate կազմակերպությունը, որը պաշտոնապես լիազորված է միապետի անունից տնօրինել թագավորական ունեցվածքը:
Համաձայն նոր օրենսդրության, որն ուժի մեջ կմտնի 2013-2014 թվականներին, Եղիսաբեթ 2-րդի ամենամյա վճարները 2008 թվականից ի վեր ամենաբարձրը կլինեն, սակայն միաժամանակ դա կեսն է այն գումարի, որը նա պետությունից ստացել է 1991 թվականին` 77.3 միլիոն ֆունտ:
Բրիտանական գահի հասույթը մարտ ամսվա դրությամբ տարեկան հարաբերակցությամբ աճել է 4 տոկոսով` հասնելով 240.2 միլիոն ֆունտի (377.4 միլիոն դոլար): Նման աճը փորձագետները կապում են մայրաքաղաքի կենտրոնում և հատկապես բուրժուական փողոց Ռիջենթ սթրիթում անշարժ գույքի մեծ պահանջարկով:









































