Շվեդիայում բարձրացվել է ատոմակայանների անվտանգության աստիճանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Ringhals ատոմակայանի տարածքում` Գյոթեբորգից 72 կմ հեռավորության վրա պայթուցիկ է հայտնաբերվել:
Պայթուցիկ սարքն անվտանգության ծառայողները հայտնաբերել են սովորական ստուգման ժամանակ՝ ԱԷԿ-ին պատկանող բեռնատարում, որը երբեք չի լքել ԱԷԿ-ի տարածքը:
«Բեռնատարն ուղևորվել է ռեակտորների տարածք, որը գտնվում է ուժեղ հսկողության տակ»– գրում է The Local-ը:
Ատոմակայանի աշխատակցիցներից մեկի խոսքերով` պայթուցիկ սարքը եղել է փոքր չափի ու չէր կարող վնասել ռեակտորը: Մինչ այդ, սակրավորները հայտնել էին, որ պայթյունի հավանականություն ընդհանրապես չի եղել, քանի որ սարքը չի ունեցել պայթուցիկ:
Սարքի հայտնաբերումից հետո ԱԷԿ-ում ստուգումներ են իրականացվել,սակայն ոստիկանները ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել:
Ներկայում Շվեդիայում աշխատում են 10 ատոմային ռեակտորներ, որոնք արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի շուրջ կեսը:










































