Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Խնդրեմ, սրանց խելքին նայեք. սրանք նույն հիվանդներն են, ինչ մեր հասարակության մնացյալ բոլոր հատվածներն անխտիր: Փոխանակ ցավ զգալու, որ ՄԱՐԴՈՒ են ծեծել, անարգել, ասում են՝ «ազնվագույն և ամենամարդասիրական մասնագիտության» տիրոջն են բան ասել:
Երբ լրագրողի հետ են այդպես վարվում, բոլորը ոռնում են, թե լրագրողին պետք չէ ծեծել, անարգել. ոչ ոք չի ասում, թե ՄԱՐԴՈՒՆ թողեք ՄԱՐԴ մնա: Թշվառականի այս մտածողությունը մի քանի հարյուր տարեկան է:
Դեռ Վահան Տերյանն էր ասում, որ հայ գրականությունը ստոր է, քանի որ այնտեղ ամեն բան կա, բայց չկա ՄԱՐԴԸ. կա բժիշկ, կա լրագրող, կա նախագահ, կա վարչապետ, կան «համբալներ և հայվաններ» (ինչպես ներկա պաշտոնյաներն են ասում), չկա միայն ՄԱՐԴԸ: Ուզում եմ ասել այս քիթ-կոկորդ-ականջի մասնագետներին, որ մասնագետ լինելուց առաջ ՄԱՐԴ է պետք լինել: Ես ուսուցիչ եմ. կարո՞ղ եք ասել, թե ինչո՞վ է ավելի մարդասիրական կամ ազնվագույն բժշկությունը ուսուցչությունից կամ փողոց մաքրող հավաքարարությունից:
Ազնվությունն ու մարդասիրությունը մասնագիտական որակներ չեն, այլ մարդկային. և ձեզ ու բոլորին ծեծելու ու անարգելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեք հասկացել, որ առանցքը Մարդն է, որը եթե կաշառակեր ու սրիկա է, ապա այդպիսին է եթե բժիշկ է, եթե ուսուցիչ է, եթե լրագրող է, եթե քաղաքական գործիչ է… Եթե Մարդն ազնիվ է և մարդասեր, ապա այդպիսին է, եթե բժիշկ է, եթե ուսուցիչ է, եթե լրագրող է, եթե քաղաքական գործիչ է…
Ամո՛թ է. ուրիշի ողբերգության վրա ձեր մասնագիտական գովազդը մի՛ արեք. այլապես այդ տրամաբանությամբ կարելի է ասել. «Վրեժ լուծեք բժիշկներից, քանի որ նրանք ձեզ օգնություն ցույց չեն տա, քանի դեռ իրենց լափի փողը չեն վերցրել, նրանք անազնիվ և մարդատյաց մասնագիտության կրողներ են. վրեժ լուծեք լրագրողներից, քանի որ նրանք որևէ ճիշտ բան չեն գրի և կստեն միշտ նրա օգտին, ումից արդեն վերցրել են իրենց լափի փողը, նրանք անազնիվ և մարդատյաց մասնագիտության կրողներ են»:
Սա նույնքան սխալ է, որքան այս հայտարարության տխմար մտածողությունը: Վատ մասնագիտություններ չկա, կան վատ ուղեղ ունեցողներ, որոնց թվում է, թե իրենց հարգը իրենց մասնագիտության, իրենց բիլակի ուժի, իրենց գրաված դիրքի մեջ է: Այդպես է թվացել նաև այն կենդանուն, ով «Հարսնաքարում» մահվան դուռն է հասցրել ՄԱՐԴՈՒՆ:











































