Ավտոմոբիլային հսկա Toyota-ն մտադիր է մինչև 2014 թվականը Ճապոնիայում իր հզորությունները կրճատել մոտ 10 տոկոսով, ըստ այդմ՝ տարեկան արտադրել 3-3,2մլն ավտոմեքենա: Միաժամանակ արտադրական բազան կընդլայնվի երկրի սահմաններից դուրս: Մինչև 2015 թվականը արտասահմանյան բազան կթողարկի տարեկան մինչև 10 մլն ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Itar-Tass-ը՝ հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին:
Toyota-ն ցանկանում է պաշտպանել իրեն արևմտյան արժույթների նկատմամբ իենի բարձր փոխարժեքի կործանարար փոխազդեցությունից:
Մինչ 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը, Toyota-ն Ճապոնիայի իր գործարաններում թողարկում էր ավելի քան 3,9 մլն ավտոմեքենա: Ճգնաժամից հետո այն սկսեց աստիճանաբար արտադրությունը փոխադրել արտերկիր: Իենի բարձր փոխարժեքը խանգարում է ճապոնական արտադրանքների մրցունակությանը:
2012-ին Toyota-ն ծրագրում է թողարկել 8,65 մլն ավտոմեքենա, որից 5,25 միլիոնը՝ արտերկրում: 2011 թվականին Ճապոնիայում տարբեր ավտոարտադրողների կողմից թողարկված թեթև մեքենաների ընդհանուր քանակը կազմել է 7,2 մլն:








































