Երևանի ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ քավոր-սանիկային հարաբերության մեջ գտնվող Ներսես Նազարյանն իր հարցազրույցում ասում է, թե Ռուբեն Հայրապետյանը շահագրգռված է, որ «Հարսնաքարի» հայտնի միջադեպի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն և ոչ ոքի պաշտպանելու փորձ չի անելու:
Ինչպես գիտեն երևի թե բոլորը, խոսքը Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին է, երբ անվտանգության աշխատակիցները, իսկ մամուլի պնդմամբ` Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի ներկայացուցիչները, դաժանաբար ծեծել են մատուցողի հետ խնդիր ունեցած մի քաղաքացու, որը հայկական բանակի սպա է՝ ռազմական բժիշկ, մայոր: Այդ քաղաքացին մահամերձ է, նրան պատճառել են ծանրագույն վնասվածքներ, և բժիշկներն այժմ հայտարարում են, որ այլևս անզոր են ստացված վնասվածքների դեմ և վիրահատությունից ու դեղորայքային միջամտությունից հետո մնում է միայն սպասել և հուսալ, որ ծեծված սպան կապրի: Ոստիկանությունն այդ դաժան ու անմարդկային ծեծը վերագրել է առայժմ «Հարսնաքարի» անվտանգության մեկ աշխատակցի, և ահա Ներսես Նազարյանը, որը Երևանի ոստիկանության պետն է, իսկ գործն էլ քննում է Երևանի ոստիկանության քննչական վարչությունը, ասում է, թե Հայրապետյանը չի պաշտպանելու ոչ մեկին:
Մի կողմ թողնենք այն, որ Երևանի ոստիկանապետը փաստացի մտել է մի դաշտ, որտեղ ավելի շատ երևի թե մամուլի խոսնակներն են հարմար դիտվում, քանի որ Երևանի ոստիկանապետը, թերևս, ոչ թե պետք է մամուլին հավաստիացնի որևէ մեկին պաշտպանելու կամ չպաշտպանելու Հայրապետյանի կամ որևէ մեկի մտադրության մասին, այլ ընդամենը ասի, որ Հայաստանի ոստիկանության հետ գործ ունենալիս պաշտպանվում է միայն օրենքը, և ոչ ոք չի կարող օրենքից դուրս այլ պաշտպանություն ակնկալել: Այդ ամենը թողնենք մի կողմ, քննարկենք Հայրապետյանի պաշտպանել-չպաշտպանելու տարբերակը, քանի որ այստեղ շատ ավելի ընդհանրական և խորը երևույթի հետ գործ ունենք` ի դեմս մասնավոր օրինակի:
Արդյոք Ռուբեն Հայրապետյանն իսկապե՞ս շահագրգռված է մարդուն մահվան հասցնելու աստիճան ծեծի ամբողջական բացահայտմամբ և իր թիկնազորի որևէ անդամի պատասխանատվության ենթարկելու հարցով: Իսկ այն, որ ասվում է, թե ծեծողը ոչ թե Հայրապետյանի անձնական, այլ նրա սեփականությունը հանդիսացող օբյեկտի անվտանգության աշխատակից է եղել, թերևս ընդամենը մակերեսային ֆորմալ կողմն է: Բանն այն է, որ կասկած չկա, որ Հայրապետյանի անձնական սեփականությունը հանդիսացող օբյեկտի անվտանգության ծառայությունը անհրաժեշտության դեպքում կատարում է նաև սեփականատիրոջ անձնական անվտանգության գործառույթներ, և տարբերությունն այստեղ ընդամենը ֆորմալ է ու երևի թե ավելորդ քննարկման անհրաժեշտություն էլ չկա:
Եվ այսպես, կարո՞ղ է արդյոք Ռուբեն Հայրապետյանը շահագրգռված լինել, որ պատժվեն բոլորը, պատժվեն լիարժեքորեն, այսինքն` գործը լիարժեք բացահայտվի և ոչ մի արտոնյալ մեղավոր չմնա: Եթե Հայաստանը լիներ քաղաքակիրթ, զարգացած դեմոկրատիայի և առաջադեմ իրավունքի պետություն, եթե Հայաստանում արժեքը լիներ Սահմանադրությունն ու օրենքը, ոչ թե կիսաքրեական հասկացությունները և պայմանավորվածությունները, ապա միանգամայն բնական կլիներ Ռուբեն Հայրապետյանի այդ շահագրգռությունը՝ գործի լիարժեք բացահայտում: Բանն այն է, որ Հայրապետյանն առաջին հերթին շահագրգռված կլիներ իր հանրային հեղինակությամբ, վարկով, իմիջով, առավել ևս, որ պատգամավոր է և թերևս պատասխանատվություն պետք է ունենա ընտրողների առջև: Բայց երևի թե որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե Հայաստանում ինչ է նշանակում ընտրություն, ինչպիսի դեր կամ կշիռ ունի այդ ընտրությանը իրական քվեն, և ինչպիսի կշիռ ունի փողը, ահաբեկումը, սպառնալիքը, վարչական և կիսաքրեական ու քրեական ռեսուրսը: Նաև երևի թե որևէ մեկի համար գաղտնիք չկա այն հարցում, թե Հայաստանի որ պատգամավորը կամ որ գործարարը ինչ դասի է պատկանում, արժեքային և մշակութային, մտածողության ինչ ոլորտում և տիրույթում է, հետևաբար նաև հասարակական-քաղաքական կենսագործունեության որ հարթակի ներկայացուցիչ է՝ Սահմանադրության և օրենքի՞, թե՞ կիսաքրեական, քրեական կամ օլիգարխիկ արժեհամակարգի:
Ռուբեն Հայրապետյանն օլիգարխ է, քրեական կամ կիսաքրեական հարթություններին նրա պատկանելու վերաբերյալ էլ մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվել ու շրջանառվում: Բայց այստեղ, իհարկե, առանցքայինն այն է, որ Հայրապետյանը օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ է, որտեղ արժեքը ոչ թե Սահմանադրությունն է, այլ այսպես ասած` հասկացություններն ու պայմանավորվածությունները, որտեղ արժեքը ֆիզիկական ուժն է, դիմացինին մինչև վերջ տրորելու կարողությունը: Ռուբեն Հայրապետյանը մի համակարգի ներկայացուցիչ է, որտեղ մարդու իրավունք, օրենքի գերակայություն ճանաչելը համարվում է թուլության նշան, նահանջի նշան: Հետևաբար, եթե անգամ ենթադրենք, որ Հայրապետյանը կարող է ցանկանալ գործի լիարժեք բացահայտում, որպեսզի գլուխն ազատի աղմկոտ այդ գործից, որտեղ նա փաստորեն բախվել է բանակի հետ, սպայական պատվի և այլ խնդիրների հետ (իսկ քանի որ բանակը Հայաստանում իշխանության իսկ ձեռքով սրբազնացված մի համակարգ է, այստեղ արդեն կարճանում է նաև իշխանական քարոզչամեքենայի լեզուն, որի շնորհիվ Ռուբեն Հայրապետյանն ու նրա թիկնազորը կարող էին արդյունավետ պաշտպանվել), ի լրումն մարդու և քաղաքացու հետ բախման, ապա միևնույն է` Հայրապետյանը չի գնա այդ քայլին և չի «հանձնի» իր թիկնապահներին: Հայրապետյանը այդ քայլին չի գնա առաջին հերթին այն պատճառով, որ դա կդիտվի նահանջ և կարող է ազդել Հայաստանի իշխող համակարգում նրա հեղինակության և կշռի վրա: Իսկ քանի որ երկրում չկա հասարակական, օրենսդրական, սահմանադրական գերիշխանություն, Ռուբեն Հայրապետյանն ու մյուս օլիգարխները մտածում են ոչ թե իրենց հասարակական դիրքի, այլ իշխող համակարգում իրենց դիրքի մասին, անգամ եթե զգում են կամ տեսնում, որ այդ համակարգը հոգեվարքի մեջ է և կամաց-կամաց տեղի է տալու Հայաստանում քաղաքացիական ինքնագիտակցության վերելքին: Բանն այն է, որ նրանք լավ են հասկանում, որ համակարգում կամաց-կամաց զոհաբերությունների անհրաժեշտություն է նկատվելու՝ տարբեր զոհաբերությունների, և սեփական դիրքերի թուլացումը նրանք ընկալում են որպես այդ զոհաբերության սուբյեկտից օբյեկտ դառնալու վտանգ:
Այդպիսով, Ռուբեն Հայրապետյանը թե՛ իր արժեհամակարգի և մտածողության, թե՛ նաև այն համակարգի մտածողության և արժեքների ազդեցությամբ, որում ինքը գտնվում է, որևէ կերպ չի կարող թույլ տալ գործի լիարժեք բացահայտում: Եվ այդ բանը թույլ չի տա նաև համակարգի գլուխը հանդիսացող Սերժ Սարգսյանը, եթե նա չունի Ռուբեն Հայրապետյանին հանձնելու որոշում: Իսկ այդպիսի որոշում Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի չունի, հետևաբար Ռուբեն Հայրապետյանին, թերևս, հեշտ կլինի պաշտպանել յուրայիններին: Այստեղ, իհարկե, շատ բան կախված է հասարակական ճնշումից, թե որքանով այն կլինի հոծ և հետևողական: Առայժմ ճնշումն առավելապես համացանցային է, քարոզչական, ինչը սակայն չի կարող մեծ էֆեկտիվություն ունենալ, քանի որ տվյալ պարագայում անհրաժեշտ է հասարակական առավել լայն արձագանք: Իսկ դա հնարավոր չէ ապահովել միայն համացանցի կամ տպագիր մամուլի միջոցով, քանի որ դրանք Հայաստանում առայժմ հեռու են զանգվածային լրատվամիջոց լինելու հարցում հեռուստաընկերությունների հետ մրցակցելուց: Իսկ հեռուստատեսություններում մթնոլորտը կարգավորվում է այնպես, ինչպես կամենում է նախագահի նստավայրը:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի









































