Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի Լիբերալ կուսակցության փոխնախագահ, Քիշնևի քաղաքապետ Դորին Կիրտոակեն Մոլդովայի կոռուպցիոն խնդիրների քննարկման ժամանակ ցանկություն է հայտնել, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո զբաղեցնի Մոլդովայի ղեկավարի պաշտոնը.
«Ես մի գաղափար եմ հղացել: Քանի որ ավարտին է մոտենում Սաակաշվիլիի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և նա այլևս չի կարող Վրաստանում առաջադրել իր թեկնածությունը, պետք է նրան հրավիրել Մոլդովա: Ես վստահ եմ, որ եթե նա երկու անգամ պաշտոնավարի մեզ մոտ, ապա երկրում իրավիճակը կփոխվի. կոռուպցիան կվերանա, ներդրումները կգան, կտիրի հասարակական կարգուկանոն»:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013 թվականին: Սաակաշվիլին առաջին անգամ Վրաստանի նախագահ է ընտրվել 2004 թվականի հունվարին: Մոլդովայի նախագահն էլ ընտրվում է խորհրդարանի գաղտնի քվեարկությամբ:








































