Գիտե՞ք` որքան հեշտ է մարդուն խաբելը, երբ գիտես, թե նրան ինչ է անհրաժեշտ: Կոնկրետ Հայաստանում ի՞նչ է անհրաժեշտ մարդուն` քիչ թե շատ երջանիկ լինելու համար. գոնե մի փոքրիկ սեփական անկյուն` բնակարան, և այնպիսի աշխատանք, որ մարդը և հատկապես տղամարդը կարողանա արժանապատվորեն մտնել տուն և հոգալ իր ընտանիքի ծախսերը: Իսկ եթե խոսքը լավ վարձատրվող աշխատանքի և մատչելի գնով բնակարան ձեռք բերելու մասին է, ոչ միայն ուզող, այլ նաև հերթ էլ կլինի ու հերթի միջից «մաղարիչ» տվող էլ: Երևանի բնակիչ Իննա Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, հենց այդ հոգեբանությամբ էլ շարժվել է ու փող աշխատել…
Քրեական գործի`մեր ձեռքի տակ եղած որոշ նյութերից չի երևում, թե Իննան ում է «բարև տվել» ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից կամ ընդհանրապես՝ որևէ մեկի հետ շփվել է, թե ոչ, բայց Հերիքնազ Ղազարյանին հավատացրել է, որ ինքը սերտ կապեր ունի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մի պաշտոնյայի հետ և կարող է հեշտությամբ ինչ-ինչ հարցեր լուծել: Երբ տեսել է` Հերիքնազը հավատացել է, նրան հորդորել է իր շրջապատում տեղյակ պահել, որ կարող է որոշակի գումարի դիմաց ոչ միայն Հերիքնազին, այլ նաև նրա բերած տարբեր քաղաքացիների աշխատանքով ապահովել. վստահեցրել է, որ ամսական 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձով կարող է աշխատանքի ընդունել դեսպանատանը որպես վարորդ կամ պարետ… Նաև նշել է, որ կարող է դեսպանատանը պատկանող նորակառույց շենքերում մատչելի գներով բնակարաններ ձեռք բերել: Եվ որպեսզի իր առաջարկը հանկարծ կասկածների տեղիք չտա, Հերիքնազին միանգամից ասել է` եթե իր նշած աշխատանքներով իրապես հետաքրքրվող լինի, պահանջի աշխատանքի ընդունվողի անձնագրի, սոցիալական քարտի, զինվորական գրքույքի և այլ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև տան անդամների թվով 5000 դրամ գումար` համակարգչային ստուգում կատարելու համար և 200-500 ԱՄՆ դոլար որպես կաշառք: Իննան դա ուզում էր, որ իբր դեսպանատան աշխատակցին փոխանցի:
Եվ ահա աշխատանքի ընդունելու և կաշառք տալու պատրվակով Իննան ընդամենը 23 օրվա ընթացքում 12 հոգու գցել է իր թակարդը: 2011թ. մայիսի 11-ից մինչև 2011թ. հունիսի 4-ը ընկած ժամանակահատվածում հափշտակել է` Տիգրան Մ. Պետրոսյանից` 105.000 դրամ և 262.750 դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար, Ալիկ Ֆահրադյանից` 20.000 դրամ և 74.450 դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, Հասմիկ Իսահակյանից` 25.000 դրամ և 74.500 դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, Սուրեն Մարիկյանից` 35.000 դրամ և 74.900 դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, Աշոտ Հարությունյանից` 15.000 դրամ և 187.250 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, Վարդան Գրիգորյանից` 35.000 դրամ և 188.000 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, Ռուբեն Սողոմոնյանից` 230.000 դրամ և 188.300 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, Կարեն Ստեփանյանից` 55.000 դրամ և 188.300 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, Հարություն Սողոմոնյանից` 20.000 դրամ և 188.300 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, Գևորգ Դիլանյանից` 40.000 դրամ և 188.300 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար: Իննա Գրիգորյանի 23 օրում «աշխատած» գումարի ընդհանուր չափը կազմել է 2.497.950 դրամ: Խարդախությունից տուժածները Երևան և Էջմիածին քաղաքներից են:
Այժմ 49-ամյա Իննա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կորոշի, թե վերը նշված մեղադրանքը որքանով է հիմնավոր: Բայց նշենք, որ Իննան նախկինում ևս դատապարտվել է նույն` 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի համար, սակայն պատիժն ամբողջությամբ չի կրել:
Հ. Գ. Անկեղծ ասած` մայրաքաղաքում նկատել եմ, որ օրինակ՝ Հայաստանում դեսպանատների որոշ մեքենաներ կարմիր լույսի տակով են անցել և որոշ առումով համոզվել եմ, որ մարդը որտեղ ապրում է, ժամանակի ընթացքում տեղացիների մտածելակերպ և վարք է դրսևորում, բայց ԱՄՆ դեսպանատանը «կաշառքով» աշխատանքի տեղավորվելը գրեթե անհնար է (չնայած տեսականորեն բացառելի չէ): Աշխատանքի ընդունելու չափանիշներն այստեղ միանգամայն ուրիշ են կամ պետք է ուրիշ լինեն, քանի որ ամբողջ աշխարհում քիչ չեն ոտնձգությունները, հարձակումները ամերիկյան դեսպանատների, նրանց աշխատակիցների նկատմամբ: Եվ բնական է, որ ԱՄՆ-ը չափազանց կարևորում է դեսպանատան և դեսպանների անվտանգության հարցը, ուստի պարետ կամ վարորդ ընտրելիս Իննայի միջոցով ու երաշխավորությամբ հաստատ չեն ընդունի…










































