Ճիշտ կլինի, որ Ադրբեջանի դիվերսիոն վերջին գործողությունները քննարկենք ոչ թե որպես լոկալ երևույթներ, այլ վերջին 20 տարիների զարգացումների ֆոնին կատարվող գործընթացներ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքով՝ վերջին 20 տարիներին Ադրբեջանն ամրագրում է մի կերպար, թե ինքը ճիշտ է, և անում ամեն բան՝ վերադարձնելու ազատագրված տարածքները:
«Այդ երկիրը ստուգում է մեր ամրությունը, փորձում գտնել մեր թույլ տեղը: Խնդիրն, անկասկած, բարդանում է, եթե հաշվի առնենք, որ Բաքվի քայլերը կարող են մշակված լինել Անկարայի կողմից: Հատկանշական է, որ դեռ ՀՀ առաջին նախագահից եկող մտայնությունը, թե՝ Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքները, մինչ այժմ չի վերացել: Բոլորիս խնդիրն է շտկել այս խեղված կերպարը: Մինչդեռ մենք քիչ բան ենք անում: Թե ժողովրդական, թե պառլամենտական մակարդակով պետք է աշխատել լուծել խնդիրը»,- ասաց նա՝ նկատելով, որ անգործությունն ուղղակի անթույլատրելի է:
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի այսօր Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից, Մանասյանը նշեց, թե չի կարծում, որ դրա ընթացքում վճռական բեկում կգրանցվի. «Այսօրինակ հանդիպումները նախապատրաստում են կամ երկու երկրների նախագահների հանդիպումներ, կամ ինչ-որ փաստաթղթի ստորագրում»:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, պետք է պատրաստ լինի պատերազմի: «Պատերազմի բոլորն են նախապատրաստվում, և հաճախ խաղաղության պետք է հասնել պատերազմի գնով»,- ասաց Մանասյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե Ադրբեջանը մոտ ժամանակներս պատերազմ կսկսի: