Արևմտյան մի շարք երկրների դեսպանների այցը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամ հստակ մեսիջ է իշխանություններին, որ Արևմուտքն ուշադրության կենտրոնում է պահում Օսկանյանի և հիմնադրամի հետ կապված վերջին օրերի զարգացումները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Քանի որ Վարդան Օսկանյանի անձի հետ կապված վերջին միջադեպը քաղաքական լուրջ ենթատեքստ ունի, շատ դժվար է ասել՝ ով է նախաձեռնել այս ամենը և ինչ նպատակներ է հետապնդում: Հասկանալի է, որ սա PR նախաձեռնություն է, սակայն այնքան էլ պարզ չէ՝ ինչ իմաստ է դրանում դրվում: Դա հասկանալու համար պետք է նախ իմանալ՝ ինչ նախագծի մասին է խոսքը»,- ասաց Արմեն Բադալյանը:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետի խոսքով՝ իշխանությունները պետք է զգուշանան Վարդան Օսկանյանի և նրա կողմից հիմնադրված «Սիվիլիթաս» հիմնադրամի հանդեպ Արևմուտքի ընդգծված ուշադրությունից: «Գաղտնիք չէ, որ արևմտյան քաղաքական կենտրոնները շատ մեծ ազդեցություն ունեն ՀՀ իշխանությունների և հայաստանյան քաղաքական դաշտի վրա»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Արմեն Բադալյանը տեսակետ հայտնեց, որ արևմտյան մի շարք երկրների դեսպանների հանդիպումը «Սիվիլիթասի» ղեկավարության հետ նախաձեռնված է եղել հենց օտարերկրացի դիվանագետների կողմից, ոչ թե Վարդան Օսկանյանի:
Հիշեցնենք. «Սիվիլիթաս» հիմնադրամում երեկ` հունիսի 14-ին, հյուրընկալվել էին Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Եվրոպական Միության երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի դեսպանները: Նույն օրը «Սիվիլիթաս» էր այցելել նաև Եվրոպական Միության դեսպանը:
Հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է.
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը դեսպաններին ներկայացրել է հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական արշավի մանրամասները: Դեսպաններին ներկայացվել են հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները և ծախսերը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունները»:








































