Պերուի նախագահ Օլյանտա Ումալան Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո հունիսի 14-ին վերադարձել է հայրենիք՝ իր հետ բերելով 600-ամյա մումիան: Այս մասին հաղորդում է peru21.pe պորտալը՝ վկայակոչելով Պերուի արտգործնախարարի հայտարարությունը:
Մումիան հայտնաբերվել է 1980-ականներին Կորդիլիերա-Բլանկա լեռնաշղթայում՝ Պերուի Անդերի Արևմտյան Կորդիլիերներում: 1986թ. մումիան չպարզված հանգամանքներում դուրս բերվեց երկրից: Ավելի ուշ այն հայտնվեց Մյունխենի թանգարանում:
Այն բանից հետո, երբ փորձագետները հաստատեցին մումիայի ծագումը, Գերմանիայի և Պերուի պաշտոնական ներկայացուցիչները պայմանավորվեցին այն վերադարձնել հայրենիք:
Ժամանակակից Պերուի տարածքում պարբերաբար հայտնաբերվում են մումիֆիկացված մարմիններ: Այսպես, 2010թ. Պերուի նախկին մայրաքաղաքի ավերակներում՝ Լիմայի դեպարտամենտի Միրաֆլորես շրջանում, հնագետները հայտնաբերեցին 4 մումիա, որոնք գնահատվում են 1600 տարեկան:








































