Միջազգային քրեական դատարանի պատվիրակությանը թույլատրել են այցելել անցյալ շաբաթ Լիբիայի Զինտան քաղաքում ձերբակալված իրենց գործընկերներին:
ՄՔԴ աշխատակիցները պահվում են հյուրանոցում, որտեղ աշխատում է օդորակիչ, նրանք ունեն հեռուստացույց և սառնարան,- հայտնում են պատվիրակության անդամները: Նրանց նկատմամբ ոչ մի բռնություն չի կիրառվում, սակայն Լիբիայում Ավստրալիայի դեսպանի խոսքերով՝ հույս չկա, որ նրանց շուտ բաց կթողնեն:
Ավստրալացի փաստաբան Մելինդա Թեյլորին Լիբիայի իշխանությունները մեղադրում են այն բանում, որ նա փորձել է Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամին ծածկագրված նամակ հանձնել նրա նախկին օգնական Մուհամադ Իսմայիլից: Վերջինիս հաջողվել էր փախչել Լիբիայից Քադաֆիի վարչակարգի տապալումից անմիջապես հետո:
Թեյլորի թարգմանչուհին՝ Լիբիայի քաղաքացի Հելեն Ասսաֆը, մեղադրվում է նրան աջակցելու մեջ: Կանանց հետ, որպես զորակցության նշան, գտնվում են ռուս դիվանագետ Ալեքսանդր Խոդակովը և Իսպանիայի քաղաքացի Էստեբան Պերալտա Լոսսիլան:







































