«Պետք է ողջունել ԱՎԾ այդ քայլը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց տնտեսագետ, Պետական վիճակագրական վաչության պետի նախկին տեղակալ Մովսես Արիստակեսյանը` անդրադառնալով ԱՎԾ կողմից հիմնական տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության փոփոխությանը:
Հիշեցնենք, որ ՀՆԱ ցուցանիշը ԱՎԾ-ն այլևս չի հաշվարկելու ամսական կտրվածքով, այլ` եռամսյակային և տարեկան կտրվածքով: Իսկ ամսական կտրվածքով ԱՎԾ-ն հաշվարկելու է մի նոր ցուցանիշ` տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը երկրի տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշն է:
«Պարզապես զարմանք է առաջացնում այն, որ դեռևս 1993թ.-ից սկսած, երբ Հայաստանը արդեն կառուցում էր շուկայական տնտեսություն, իշխանությունները չգտան տնտեսության իրավիճակը ճիշտ գնահատելու մեթոդաբանությունը և չանսացին ազգային փորձագետների խորհուրդներին: Իշխանություններին ու ԱՎԾ-ին ձեռնտու էր այնպիսի մեթոդաբանությամբ հաշվարկել, որը ցույց էր տալիս կայուն աճ ու, ինչու չէ, նաև վագրային թռիչքներ:
Միայն միջազգային կառույցների խորհուրդներով վերջապես ԱՎԾ-ն հասկացավ, որ կիրառվող մեթոդաբանությունն ամենևին էլ իրական պատկերը չի արտացոլում: Իհարկե, 1993-1994թթ.-ին հին մեթոդաբանության կիրառումը ինչ-որ տեղ ներելի էր, որովհետև նոր էինք անցել շուկայական տնտեսության, և չկային այն մեթոդաբանությունն ու այն գործիքները, որ կառավարելի դարձնեին ցուցանիշների հաշվարկը, հատկապես հիպերինֆլյացիայի պարագայում: Բայց հետագայում ԱՎԾ-ն օգտագործեց այդ մեթոդաբանությունը վագրային թռիչքներ ցույց տալու համար:
Այնպես որ, երկու պարամետրերով էլ ճիշտ է անցումը: Առաջին` չի կարելի ՀՆԱ-ն հաշվարկել ամեն ամսվա համար և պետք է անցնել եռամսյակային և տարեկան հաշվարկի: Եվ երկրորդ` այս նոր ցուցանիշի` տնտեսական ակտիվության ցուցանիշի հաշվարկը կապահովի վիճակագրական գիտության համադրելիության մեթոդը և ֆիզիկական ծալալի իրական ինդեքսի հաշվարկը»,- նշեց Մ.Արիստակեսյանը:
Ըստ նրա, սակայն, կան մեթոդաբանական որոշ խնդիրներ` կապված այս փոփոխության հետ, ինչպես, օրինակ, միջին տարեկան գների կիրառումը, չվերահաշվարկվող ՀՆԱ-ի մեջ ոլորտների տեսակարար կշիռների կիրառումը:
«Խնդիրներ կան, որ տնտեսվարող սուբյեկտներին ճիշտ ներկայացվի մեթոդաբանությունը և ապահովվի սկզբնաղբյուրներից արժանահավատ տեղեկատվության հավաքագրումը: Մեթոդաբանության փոփոխությամբ խնդիր է առաջանում նաև հետվերահաշվարկների հետ կապված: ԱՎԾ-ն ստիպված է հետվերահաշվարկներ կատարել` տվյալների համադրելիության ապահովման համար, որի արդյունքում կարող է պարզ դառնալ, որ մենք ոչ թե վագրային, այլ կատվային թռիչքներ էլ չենք ունեցել»,- նշեց Մ. Արիստակեսյանը:
Նրա խոսքով, վիճակագրությունը տնտեսության «ախտորոշիչ կենտրոնն է»: «Երևույթների ճիշտ ու արժանահավատ ախտորոշումից է կախված տնտեսության զարգացման ճիշտ ռազմավարությունների ընտրությունը: Այդ առումով շատ կարևոր է, որ պետական վիճակագրական մարմինը լինի իսկապես անկախ և չկատարի կառավարության և իշխանությունների թելադրանքը»,- ասաց տնտեսագետը:








































