«Միայն արտաքին ուժերի դրդմամբ հեղափոխություններ չեն լինում: Դրա համար անհրաժեշտ են ներքին լուրջ դրդապատճառներ»,-արաբական աշխարհում կատարվող իրադարձությունների մասին խոսելով` շեշտում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա` չի կարելի ընդհանրացնել Սուդանի և Յեմենի դրությունը Եգիպտոսի, Թունիսի իրավիճակի հետ: «Այս վերջին արաբական երկրներում մարդիկ ավելի կրթված են, քիչ թե շատ շփում ունեն Եվրոպայի հետ:
Այստեղ շատ տուրիստներ են գալիս և բնակչությունը չի ուզում այլևս մնալ դիկտատորային ռեժիմի տակ»,- այսպես է մեկնաբանում Իսկանդարյանը արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումները:
Քաղաքագետի կարծիքով, բախումներ կամ հեղափոխություն կարելի է սպասել նաև այլ զարգացած արաբական երկրներում, մասնավորապես` Ալժիրում, Մարոկկոյում:
Արաբական աշխարհում կատարվող փոփոխությունները, ինչ խոսք, կազդեն համաշխարահային քաղաքականության վրա. կարծում է բանախոսը, այնուհանդերձ, նա հավելում է. «Գիտեմ` հայ լրագրողները սիրում են Երևանից նայել ամեն ինչին, սակայն այս իրադարձությունները դոմինոյի էֆեկտ չունեն: Ասում են`եթե Կոսովոյում, Սուդանում կամ այլուր մի բան պատահում է, ապա նույնը կարող է Հայաստանում էլ լինել: Դա այդպես չէ, ամեն երկիր ունի իր ներքին տրամաբանությունը»: