Ցավով տեղեկացնում ենք, որ փետրվարի 1-ին կյանքի 91-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան, Գերաշնորհ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը։ Սրբազան հայրը մեկ տարուց ի վեր անկողնային վիճակում էր բժիշկների հսկողության և Ս. Գայանե վանքի միանձնուհիների խնամքի ներքո:
Տ. Հուսիկ արք. Սանթուրյանը (ավազանի անունով` Ազատ) ծնվել է 1920 թ. Սեբաստիա քաղաքում (Թուրքիա)։
5 տարեկանից որբացել է և մինչև պատանեկության տարիները ապրել ու կրթվել է դանիուհի Մերի Յակոբսոնի «Թռչնոց բույն» որբանոցում (Ջիբեյլ, Լիբանան)։
1935 թ. ավարտել է Ջիբեյլի դանիական որբանոցի ուսումնական շրջանը և նույն թվականին տեղափոխվել Երուսաղեմի գերմանական որբանոցի արհեստա-ուսումնական կուրսը` ավարտելով այն 1938 թ.:
1939-1945 թթ. աշխատել է Երուսաղեմում որպես ուսուցիչ և գրասենյակային ծառայող։
1947 թ. ներգաղթել է Հայաստան։
1953-1955 թթ. ուսանել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում։
1955 թ. ձեռնադրվել է սարկավագ։
1956 թ. փետրվարին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և նշանակվել Մայր Աթոռի եկեղեցական արվեստի թանգարանի վերակացու։
1959 թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան։
1961 թ. նշանակվել է Ադրբեջանի թեմի առաջնորդ։
1962 թ. հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս ձեռամբ Ն.Ս.Օ. Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի։
1965 թ. նշանակվել է Մայրավանքի փոխլուսարարապետ:
1972 թ. ստանձնել է լուսարարապետի պաշտոնը, որ վարել է շուրջ 30 տարի:
Իր բազմամյա ծառայության համար Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից արժանացել է Հայ Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո շքանշանի:
Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և եկեղեցականաց դասը սգում են բազմավաստակ Սրբազան հոր մահը:
Փետրվարի 2-ին՝ ժ. 18.00-ին, Սբ Գայանե վանքում կկատարվի եկեղեցու կարգ: Փետրվարի 3-ին՝ ժ. 10.30-ին, հընթացս Սբ Պատարագի, կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը: Հուսիկ Սրբազանի մարմինը կամփոփվի միաբանական գերեզմանատանը:
Յիշատակ արդարոյն օրհնութեամբ եղիցի:








































