Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Պենտագոնը պատասխանել է նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին Ուլուդերեում գրանցված և 34 խաղաղ քուրդ բնակչի մահվան պատճառ հանդիսացած միջադեպի վերաբերյալ իր հասցեին հնչած մեղադրանքներին:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը հերքել է Wall Street Journal-ի հնչեցրած մեղադրանքը՝ հայտարարելով. «Ես չգիտեմ, թե որտեղից ի հայտ եկան այդ տեղեկությունները: Ես չեմ մեկնաբանելու հետախուզական տվյալների փոխանցումը: PKK-ի ահաբեկիչների դեմ պայքարը շատ կարևոր թեմա է: Մենք շարունակում ենք համագործակցել Թուրքիայի հետ PKK-ի դեմ պայքարում:
Մենք Թուրքիայի հետ համատեղ աշխատում ենք ազգային անվտանգության մի շարք խնդիրների շուրջ: Թուրքիան, բնականաբար, ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր մասն է: Մենք շարունակում ենք նրա հետ համագործակցությունը»: