News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում մասնակցել է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) կոնֆերանսին, որին մասնակցել են նաև աշխարհի 45 երկրները ներկայացնող 80 պատվիրակներ:
Իր ելույթում Սաակաշվիլին նշել է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտ տնկվելու է խաղողի մեծ այգի, որպեսզի Վրաստան ժամանած հյուրերը կարողանան անմիջապես ծանոթանալ վրացական մշակույթի հետ, որում զգալի դերակատարություն ունի գինեգործությունը.
«Մեր օդանավակայաններ ժամանած բոլոր զբոսաշրջիկները կստանան գինու շիշ՝ գրքույկի հետ, քանի որ Վրաստանը հանդիսանում է գինու հայրենիքը: Բացի այդ՝ Թբիլիսիի օդանավակայանի մոտ հիմնվելու է խաղողի մեծ այգի, որպեսզի այստեղ եկած մարդը տեսնի, որ գինին մեր մշակույթի, ինչպես նաև պատմության շատ կարևոր մասն է: Վրաստանում գինու պատրաստման տեխնոլոգիան եզակի է: Ռուսական բեռնարգելքից հետո վրացական գինու որակը զգալիորեն բարելավվել է:
Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին՝ դրա համար: Այդ բեռնարգելքը մեզ հնարավորություն ընձեռեց կտրուկ բարելավելու մեր գինու որակը: Այսօր այն համեմատելի է իտալական, ամերիկյան, ֆրանսիական և այլ համաշխարհային գինիների հետ: Մենք պատրաստվում ենք ավելի ընդլայնել գինու մարքեթինգը: Չնայած նրան, որ գինու շուկայում մրցակցությունը շատ մեծ է՝ մենք ամեն տարի ավելացնում ենք գինու արտահանումը»:








































