«Ադրբեջանի առաջին հանրապետությունը հռչակվել էր Գանձակում, և այդ ժամանակվանից նպատակ դրվեց հայաթափել Արցախը: Շուշին ամբողջ Արևելյան Հայաստանի կենտրոնն էր համարվում: 1920 թվականին ադրբեջանցիներըը կոտորեցին Շուշիի հայ ազգաբնակչությունը: Այդ դեպքերը նկարագրված են Լեոյի և շատ ուրիշ պատմաբանների աշխատությունների մեջ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը:
Նա նշեց, որ Շուշին ազատագրումից 20 տարի անց վերածնունդ է ապրում, և հաղթանակը հաղթողի հոգեբանություն է ձևավորել հայության շրջանում. «Շուշիի հաղթանակը նորօրյա Սարդարապատն էր»:
Ա. Ղարիբյանը ընդգծեց այն հանգամանքը, որ ԵՊՀ-ն ակտիվ աշխատանք է կատարում Արցախի պատմությունը նկարագրելու, աշխարհին ներկայացնելու համար, ստեղծվելու է Արցախի պատմությանը նվիրված կայք` մի քանի լեզուներով:
Համատեղ ասուլիսի ժամանակ քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանն ասաց, որ Շուշիի ազատագրումը ռազմավարական մեծ նշանակություն ունեցավ. «Շուշին վերահսկում է բավական մեծ տարածություն: Շուշիի ազատագրումը որոշիչ դեր ունեցավ Արցախի պատերազմի վերջնական ելքի համար: Շուշիի ազատագրումը ռազմարվեստի տեսանկյունից ուսանելի է այս և հաջորդ սերունդների դաստիարակության համար»:
Խոսելով Շուշիի ներկայիս վիճակի մասին՝ Ղարիբյանը նշեց, որ այս սերունդը պետք է անի ամեն ինչ, որ կյանք տա Շուշիին. «Ադրբեջանցիներն անընդհատ փորձել են հայաթափել Շուշին: Շուշիում աստիճանաբար տեղի է ունենում վերաբնակեցում, ապահովվում է ջրամատակարարումը և լուծվում են տարբեր խնդիրներ՝ չնայած սոցիալական պայմանների պատճառով շատ հարցեր մնում են դեռևս չլուծված»:
«Շուշին լինելու է ծաղկուն քաղաք` դա ամբողջ հայության երազանք է»,- հավելեց պատմաբանը:







































