Հրապարակվել են 2012 թվականի Եվրոպայի առաջնության մարզադաշտերում վարվելակերպի կանոնները: Ըստ դրանց` երկրպագուներին արգելված է իրենց հետ մարզադաշտ տանել պրոֆեսիոնալ ֆոտո-և վիդեոխցիկներ, լազերային սարքեր, մեծ պայուսակներ, սառը զենքեր, աէրոզոլներ, թունավոր միացություններ:
Արգելված իրերի թվում են նաև անձրևանոցները, ապակյա, մետաղյա կամ պլաստիկ տարաները, ալկոհոլային խմիչքները, խթանիչները, նարկոտիկ կամ հոգեմետ դեղամիջոցները: Երկրպագուները չեն կարող մարզադաշտի տարածք մտնել ռասիստական, քաղաքական կամ դավանանքային գրառումներ պարունակող պաստառներով:
Արգելքը տարածվում է նաև բարձրախոսների, վուվուզելների, ձայնային տարբեր ազդանշաններ արձակող գործիքների, գովազդներ պարունակող գրառումների, մեծ քանակությամբ թղթի, ինչպես նաև՝ կրակայրիչների վրա:
Կենդանիների մուտքը մարզադաշտ հնարավոր է միայն ՈՒԵՖԱ-ի կողմից հատուկ թույլտվություն ունենալու դեպքում:
Վերոգրյալ ցուցակն ամբողջական չէ: Մարզադաշտում կարգուկանոն վերահսկող անձինք կարող են արգելել ցանկացած կասկածելի իր, որն ըստ իրենց` վտանգ կներկայացնի ներկաների համար:






































