Շուշիի ազատագրման գործողությունը, որը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, սկսվեց մայիսի ութի գիշերը՝ 2.30-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: Շուշի հնարավոր է մուտք գործել միայն մեկ ճանապարհով, քանի որ երեք կողմից այն շրջապատված է լեռներով: Մայիսի 8-ի գիշերը Կարագյավ գյուղից մինչև Քիրս՝ շուրջ 40 կմ ռազմաճակատի գծով, հայ մարտիկներն իրենց գրոհն իրականացրին 4 ուղղություններով: Հյուսիսային կամ 26-ի ուղղությամբ հրամանատարն էր Վալերի Չիթչյանը, երկրորդը Շուշիի ուղղությունն էր, հրամանատարը՝ Արկադի Կարապետյանը, Հարավային՝ Լաչինի ուղղության հրամանատարն էր Սամվել Բաբայանը, իսկ հարավարևմտյան՝ Ջանհասան-Քյոսալարի՝ չորրորդ ուղղության հրամանատարն էր Սեյրան Օհանյանը: Յուրա Հովհաննիսյանի հրամանատարությամբ ստեղծվել էր նաև գլխավոր պահեստային ստորաբաժանում, կային մոտ 300 հոգուց կազմված պահեստային ուժեր: «Հարսանիք լեռներում» գործողությունը ամիսներ շարունակ գծագրել և ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), իսկ շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գեներալ-մայոր, Արցախի հերոս և մի շարք այլ շքանշանների արժանացած Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, որ 20 տարի առաջ այս օրերին Շուշիում կար 2500 ադրբեջանցի զինվոր, այնինչ ամբողջ 40 կմ երկարությամբ ճակատում մենք ունեինք ընդամենը 3500 զինվոր. «Նման դեպքերում հարձակվող կողմը պետք է ունենա պաշտպանվող կողմից ամենաքիչը 3 անգամ շատ զինվոր: Ընդհանուր առմամբ՝ մեզ պետք էր 7500 մարդ, իսկ Շուշիի գործողության համար՝ 10.000: Իշխանությունները դա լավ էին գիտակցում և այդ պատճառով չէին ցանկանում ռիսկի դիմել»:
Սակայն ռազմական փայլուն գործողության շնորհիվ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, իսկ հակառակորդը՝ 250-300: Շուշիի ազատագրումից հետո ազատագրվեցին նաև Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը, մայիսի 18-ին բացվեց «Մարդասիրական միջանցքը»՝ հասնելով մինչև ՀՀ սահման:
Արկադի Տեր Թադևոսյանի խոսքերով՝ Շուշիի ազատագրումը բոլոր նրանց ձեռքբերումն է, ովքեր գերադասեցին իրենց մահով ազատագրել պատմական հայրենիքը, չփախան ռազմադաշտից. «Հերոս տղերքի շնորհիվ է Շուշին ազատագրվել: Ռազմական գործողության ժամանակ ոչ մի հայտնագործություն չի կատարվել, ամեն ինչ արվել է ռազմական կանոնների համաձայն՝ որոշ չափով նաև խորամանկության միջոցով»:











































