Վաշինգտոնը լավ կանի՝ իր զորքերը դուրս բերի Կորեական թերակղզուց: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԿԺԴՀ-ի գլխավոր թերթ «Նոդոն Սինումը»:
«Հարավային Կորեայում ամերիկյան զորք պահելու ոչ մի օրինական հիմք կամ պատճառ չկա»,- գրել է թերթը:
Թերթն ընդգծում է, որ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն մեծացնում է իր ագրեսիվ ուժերը թերակղզում, որպեսզի վերջնական հարված հասցնի ԿԺԴՀ տարածքին և սկսի կորեական նոր պատերազմ:
«Նոդոմ սինումը» զգուշացնում է, որ ԱՄՆ-ի ռազմավարական ուղղությունը Ասիայում սպառազինության նոր մրցավազք կարող է հրահրել, և, ի վերջո, հակամարտություն կառաջանա այն երկրների միջև, որոնք հետաքրքրություն ունեն այս տարածաշրջանում:
Կորեայի Հանրապետությունում կա 28,5 հազ. ամերիկացի զինվորական: Ամերիկյան զինված ուժերի առկայությունը Հարավային Կորեայում դարձել է 1950-53 թթ. կորեական պատերազմների ժառանգությունը: Այդ պատերազմը ավարտվեց զինադադարով: Մինչ օրս Հարավային և Հյուսիսային Կորեաները պատերազմի մեջ են գտնվում: ԿԺԴՀ-ը բազմիցս առաջարկել է հաշտության պայմանագիր ստորագրել, ինչը ԱՄՆ-ի կողմից հավանության չի արժանացել:







































