Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, ռուսական խոշորագույն Роснефть նավթային ընկերությունը Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ամերիկյան Exxon Mobil ընկերության հետ Սև ծովի ընդերքից նավթի և գազի արդյունահանման պայմանագիր է ստորագրել:
Ըստ այդ համաձայնության, կողմերը կստեղծեն համատեղ ձեռնարկություններ Տուապսեի կորությունում նավթի արդյունահանման համար,- պարզաբանում է Interfax գործակալությունը: Այդ տարածքն ընկած է Կրասնոդարի երկրամասի սևծովյան ափամերձ շրջանում և ունի ավելի քան 11 հազար քառակուսի կիլոմետր մակերես:
Ինչպես France Presse գործակալությանը հայտնել է Роснефть-ի նախագահ Էդուարդ Խուդայնատովը, ռուսական կողմի մասնաբաժինը կազմում է 66%, իսկ ամերիկյան կողմինը` 33%: Նա ավելացրել է նաև, որ Exxon Mobil ընկերությունը պլանավորել է մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարել:
Այս երկու ընկերությունները Ռուսաստանում արդեն աշխատում են համատեղ ` Сахалин-1 նախագծի շրջանակներում: Այս ծրագրում 30-ական տոկոս ունեն Exxon Neftegas-ը, որը Exxon Mobil-ի ղեկավարման տակ է գտնվում, և ճապոնական Sodesco ընկերությունը: Роснефть-ն ու հնդկական ONGC-ին ունեն Сахалина-1-ի ակցիաներից 20-ական տոկոս:
Հունվարի կեսին Роснефть-ը նաև պայմանագիր է ստորագրել բրիտանական BP նավթային ընկերության հետ, ըստ որի՝ նրանք համատեղ պետք է շահագործեն Արկտիկայի ռուսական շելֆի նավթահանքերը: Բացի այդ, ընկերությունները կփոխանակվեն բաժնետոմսերով. Роснефть-ը կստանա BP բաժնետոմսերի 5%-ը, փոխարենը տալով իր 9,5%:








































