Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը զրկվել է 50 հազար եվրոյից «Շալկե-04»-ի ռմբարկու Կլաաս-Յան Հունտելարի պատճառով:
Բանն այն է, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել Puma-ի ներկայացուցիչների հետ: Համաձայնագրի ենթակետերից մեկով Գոմեսին պետք է տրվեր 50 հազար եվրո հավելավճար` 2011/12 թվականների մրցաշրջանում Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի տիտղոսը նվաճելու դեպքում:
Սակայն, ինչպես արդեն հայտնի է, մրցաշրջանում լավագույնն է ճանաչվել 29 անգամ մրցակիցների դարպասը գրաված հոլանդացի Հունտելարը: Գոմեսը հեղինակել է 26 գնդակ:
Նշենք, որ Մարիոն հայտարարել էր, թե երկրի լավագույն ռմբարկուի տիտղոսն իր համար ինքնանպատակ չէ, և ինքն ավելի բարձր է գնահատում թիմային նվաճումները:










































