Մայիսի 6-ի առավոտյան Լուսնի ուղեծիրը առավելագույնս կմոտենա Երկրին, և մոլորակի բնակիչները կկարողանան ֆիքսել գերլուսնի պահը: Այս մասին Interfax գործակալության հետ զրույցում տեղեկացրել է Պուլկովյան աստղադիտարանի գիտաշխատող Սերգեյ Սմիռնովը:
«Յուրաքանչյուր տարի լինում է 13 նորալուսին ու 13 լիալուսին: Դրանց թվում պատահում են նաև յուրահատուկ երևույթներ` գերլուսին, երբ Լուսնի ուղեծիրը առավելագույնս մոտենում է Երկրին: Դա տեղի կունենա մայիսի 6-ին` ուղիղ 3.33 րոպեին համաշխարհային ժամանակով (7.33-ին երևանյան ժամանակով)»,- բացատրել է գիտնականը:
Նրա խոսքով` Երկրի բնակիչները կկարողանան տեսնել աննախադեպ չափերի հասնող Լուսնի սկավառակ, քանի որ Լուսնի առավելագույն մոտեցումը Երկրին համընկնում է լիալուսնի ամբողջական փուլին: Այն հնարավոր է տեսնել անզեն աչքով պարզ եղանակի դեպքում: Լուսինը տեսնելու ավելի շատ շանսեր ունեն Հեռավոր արևելքի ու Սիբիրի բնակիչները:








































