Ամերիկյան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն արևմտյան մի շարք ԶԼՄ-ների մեղադրել է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերություններում լարվածություն առաջացնելու մեջ:
Մամեդովն այստեղ նկատի է ունեցել Ադրբեջանի ու Իսրայելի գաղտնի կապերի մասին Foreign Policy-ի այն հրապարակումը, որ Ադրբեջանն իր ավիաբազաները հանձնել է Իսրայելին հակաիրանական գործողություններ վարելու համար:
Այս համատեքստում Մամեդովը նշել է այն փաստը, որ Իսրայելը խախտել է Ադրբեջանին 1.6 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու մասին համաձայնագրի գաղտնիությունը:
Հիշեցնենք, որ 1,6 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ադրբեջանա-իսրայելական պայմանագիրը կնքվել է փետրվարի վերջին: Դրանով նախատեսվում է Ադրբեջանին մատակարարել իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, զենիթային և հակահրթիռային համակարգեր:
Ի դեպ, երեք տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները նման են այսբերգի, և որ սովորական աչքերի համար տեսանելի է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների միայն 1/10 մասը:









































