Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ Աբբասիյա թաղամասի «Ալ-Նուր» մզկիթի մոտ պատահական անցորդները երկու ինքնաշեն պայթուցիկ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:
Պայթուցիկների հզորության մասին ոչինչ չի հաղորդվում: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները արագ վնասազերծել են դրանք:
Բացի այդ, մզկիթի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգի փամփուշտի 9 պարկուճ:
Կահիրեի Աբբասիյա թաղամասը երկու օր առաջ դարձել էր նախագահական ընտրապայքարից հեռացված իսլամիստ Հազեմ Սալեհ Աբու Իսմայիլի կողմնակիցների և անհայտ երիտասարդների միջև բախումների թատերաբեմ: Բախումը սկսվել էր իսլամիստի կողմից զինվորական իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Դրա հետևանքով զոհվել էր մեկ մարդ, մի քանիսը վիրավորվել էին:









































