Ստեփան Սաֆարյանն ինքնահաստատվելու խնդիր ունի և անընդհատ ինչ-որ բաներ է մտածում կամ անում, որ կարողանա ինքնահաստատվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայնտեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, համաձայն որոնց այսօր Ավան վարչական շրջանում խոչընդոտել են «Ժառանգություն» կուսակցության և նրա պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանի նախընտրական քարոզարշավին:
«Մի անգամ արդեն ասել եմ՝ իմ հաշվին մի ինքնահաստատվեք, ձեր հաշվին ինքնահաստատվեք: Ու ընդհանրապես, Ստեփան Սաֆարյանին Ավանում առանձնապես ոչ ոք չի ճանաչում, որպեսզի իր հանդիպումներին խոչընդոտեն կամ ինչ-որ մի բան անեն: Նման բանի մասին խոսելն ընդհանրապես լուրջ չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Ստեփան Սաֆարյանն այսօր հայտարարել էր, որ այսօր Ավանի 3-րդ փողոցում իր շտաբի ակտիվիստների վրա են հարձակվել մի խումբ մարդիկ, որոնք հայհոյել և քաշքշել են նրանց, իսկ ինքն էլ զանգահարել է ոստիկանություն և միջազգային դիտորդներին, ինչից հետո հանրապետական կուսակցության համակիրներ հանդիսացող հարձակվողները փախել են: