Ռուսաստանի նախագահը ապագայում անպայման պետք է կուսակցական լինի: Նման կարծիք է հայտնել երկրի ներկայիս ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
«Նախագահը ապագայում անպայման պետք է կուսակցական լինի, հակառակ դեպքում մենք մարդկանց չենք կարող բացատրել, թե ինչպիսի քաղաքական ուժ է կանգնած իշխանության ղեկին»,- հայտարարել է նա ուրբաթ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆունկցիոներների հետ հանդիպման ժամանակ:
Երկրի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ ընտրություններում հաղթելու համար կուսակցությանը օգտակար է իրեն մի քիչ զգալ ընդդիմության դերում:
«Ընդդիմադիր կուսակցությունները ուժեղ են նրանով, որ ավելի շատ «դրայվ» ունեն»,- կարծում է ՌԴ նախագահը:
«Բարկություն, ահա թե ինչ է հարկավոր, բայց բանականության սահմաններում: Սպորտային բարկություն, որը թույլ կտա արդյունքների հասնել»,- բացատրել է նախագահն իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել մայիսի 26-ին համագումար հրավիրելու մասին, որտեղ քննարկվելու է կուսակցության նախագահի հարցը: Մինչ այդ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հեռանալու է կուսակցության նախագահի պաշտոնից և այն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
«Եթե ինձ նմանատիպ առաջարկ արվի,- իսկ կուսակցության գործող նախագահը այն հնչեցրել է,- ես դրանից չեմ հրաժարվի»,- ասել է Մեդվեդևը ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: