Այսօր տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց 2011 թ. նախարարության գործունեության ծրագրերն ու գերակա խնդիրները: Ըստ նրա` 2011 թ. նախարարության գործունեության ծրագրով նախատեսված է իրականացնել 15 միջոցառում` 2010 թ. 8-ի փոխարեն: Նախարարության գերակա խնդիրներից առաջինը Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքների կազմակերպումն է: Դրա կառուցումով Երևան-Այրում հեռավորությունը երկաթգծով կկրճատվի 70-100 կմ-ով: Մյուս գերակայությունը Հյուսիս-Հարավ (Հայաստան-Իրան) երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպումն է և այդ միջանցքի Տրանշ 1, Տրանշ 2 և Տրանշ 3 շինարարական աշխատանքների նախապատրաստումն ու կազմակերպումը, որով կնորոգվի մոտ 41 կմ ճանապարհահատված: Վերջին գերակայությունը փոստի կառավարման նոր մոդելի ներդրումն է: