Գվինեա Բիսաուի ռազմական խունտան ցած կդնի իր լիազորությունները 2 տարի հետո: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը: Իշխանության փոխանցումը զինվորականներից քաղաքացիական իշխանություններին տեղի կունենա աստիճանաբար: Այսպես, նախատեսվում է կազմել քաղաքացիական անձանցից բաղկացած խորհուրդ, որը կվերահսկի իշխանության փոխանցման երկամյա գործընթացը և կկազմակերպի նախագահական և խորհրդարանական միաժամանակյա ընտրությունները:
Զինվորականների ծրագրի հետ համաձայնել են բոլոր քաղաքական ուժերը՝ բացի PAIG կուսակցությունից: Տապալված վարչապետ Կարլուշ Գոմեշը այդ կուսակցության առաջնորդն է և 2012 թ. ապրիլի 29-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ֆավորիտ էր համարվում:
Հիշեցնենք, ապրիլի 13-ին Գվինեա-Բիսաուում տեղի է ունեցել պետական հեղաշրջում:
Գվինեա Բիսաուն Պորտուգալիայից անկախացել է 1974 թ.: Երկրում բազմիցս պետական հեղաշրջումներ են տեղի ունեցել: Այստեղ մեծ ազդեցություն ունի նարկոմաֆիան, որն օգտագործում է երկրի տարածքը որպես տարանցիկ կետ Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու համար:








































