«Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյան պաղեստինցի գրոհայիններին կոչ է արել առևանգել իսրայելցի զինվորներին և նրանց փոխանակել առևանգված պաղեստինցիների հետ:
Ինչպես հաղորդում է Daily News-ը, Իզաթ Ալ-Ռիշքը իր հայտարարությունը տեղադրել էր Facebook սոցիալական ցանցի իր էջում: Հարկ է նշել, որ երեկ պաղեստինցիները նշում էին բանտարկյալների օրը` այդկերպ մեկ անգամ ևս հիշելով այն պաղեստինցիներին, ովքեր ձերբակալված են Իսրայելի բանտերում:
«Համաս»-ի ներկայացուցիչն ասել է, որ Իսրայելի կողմից առևանգված պաղեստինցիների ազատությունը նույնքան կարևոր է իրենց համար, որքան Պաղեստինի տարածքների ազատագրումը:
Ենթադրվում է, որ Իսրայելի բանտերում ավելի քան 7000 պաղեստինցիներ են ձերբակալված: Երեքշաբթի օրը ավելի քան 1600 պաղեստինցիներ հացադուլ են հայտարարել` այդկերպ բողոքելով անարդար ձերբակալության դեմ: Բանտարկյալները չեն հայտնել, թե երբ է ավարտվելու հացադուլը:








































