Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Մոնտե-Կարլոյի «Մասթերս 1000» շարքի տղամարդկանց մրցաշարից առաջ հայտնել է, որ շատ դժվար կլինի ընդհատել Ռաֆայել Նադալի հաղթական շարքն այդ մրցաշարում:
«Ռաֆան իր լավագույն թենիսը ցուցադրում է Մոնտե-Կարլոի մրցաշարում: Նա արդեն 7 անգամ անընդմեջ հաղթել է այդ մրցաշարը: Այստեղ ավելի դանդաղ է կորտը, քան Մադրիդի, Հռոմի և Փարիզի կորտերում: Երևի հենց դա էլ Նադալին տալիս է առավելություն: Մենք հանդիպել ենք 2009 թվականի մրցաշարի եզրափակչում: Այն ժամանակ ես հիանալի թենիս ցուցադրեցի, սակայն վերջնական արդյունքում պարտվեցի: Նադալը գրունտային ծածկի արքան է: Նա այդ ծածկի վրա պատմության լավագույն թենիսն է ցուցադրում»:
Նախորդ տարի Հռոմում և Մադրիդում Ռաֆայի նկատմամբ իմ հաղթանակները ինձ վստահություն են ներշնչում: Ես գիտեմ, որ նրան կարող եմ հաղթել նաև գրունտային ծածկի կորտերում: Սերբիայում մի ժամանակաշրջան միայն այդպիսի կորտեր էին, այնպես որ կարելի է ասել ես գրունտային ծածկի կորտերում եմ մեծացել», – ATP պաշտոնական կայքը մեջբերել է Ջոկովիչի խոսքը: