«Մայիսի 6-ը կսկսվի հանդարտ, բայց կավարտվի բուռն խոսակցություններով, կործանումներով և նորի սկզբով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ անպայման չի, որ կործանումը լինի նեգատիվ երևույթ. «Պետք է ինչ–որ բան քանդվի, որ կառուցվի նորը: Քանի որ ստեղծվածի վրա նորը ստեղծելը հնարավոր չէ, այն բերում է լճացման: Երկար ժամանակ հանդարտ վիճակը հնարավոր է՝ ունենա ավելի վատ հետևանքներ»:
Բանախոսը կարծում է, որ ընթացիկ գործընթացները բերում են էվոլյուցիայի, իսկ մեր գերագույն նպատակն այն է, որ այդ էվոլյուցիան ընթանա իր բնականոն հունով՝ չկանգնի. «Մեր հասարակությունն արդեն մոտենում է կուլտուրական ընտրական միջավայր ստեղծելուն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք բարձր կուլտուրայից ելնելով՝ ստեղծել քաղաքական կուլտուրա»:
Աստղաբանի խոսքերով՝ ընտրությունները կանցնեն իրենց բնականոն ընթացքով՝ հեղափոխություններ չեն լինի. «Փոփոխություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք կլինեն շատ հանդարտ և նախօրոք կանխատեսված: Մենք ապրել ենք էվոլյուցիա, քանի որ գտնվում ենք 21-րդ դարում: Քաղաքականությունը պետք է դիտարկենք մեկ հարթության մեջ, դիմադիր և ընդդիմադիր ուժերը հարաբերական հասկացություն են: Իսկ ընտրություններից հետո ինչպիսին կլինի մեր կյանքը՝ դա մենք ենք որոշում»:
«Մայիսի 6-ին իշխելու է Վեներա մոլորակը, որը ղեկավարում է ցլերին և կշեռքներին: Հատկապես կարևոր է կշեռքների համար, քանի որ այն, որպես նշան, կրում է պետականության սիմվոլը: Համեմատաբար դժվար կլինի ձկների և կարիճների համար: Դժվարությունները շատ են, բայց հաղթահարելի»,- ավելացրեց Հովհաննիսյանը:








































