Այսօր Ալ-Ղաիդա ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հերթական սպառնալիքներն է ուղղել ֆրանսիացիներին` պահանջելով ֆրանսիական զորքերի դուրսբերումը Աֆղանստանից և փոխարենը խոստանալով ազատել Նիգերում պատանդ ընկած Ֆրանսիայի 7 քաղաքացիներին: Այս մասին բեն Լադենն ասել է Al-Jazeera հեռուստաընկերության եթերում, որը նրա խոսքի տեսանյութն այսօր է ստացել:
«Եթե նախագահ Նիկոլա Սարկոզին հրաժարվի ֆրանսիական զորքերը դուրս բերել Աֆղանստանից, ապա դա ոչ այլ ինչ է, քան ֆրանսիացի քաղաքացիներին սպանելու թույլտվություն», ասվում է տեսանյութում:
Սա բեն Լադենի առաջին սպառնալիքը չէ Ֆրանսիային: Նախորդ նրա խոսքը կրկին ուղղված էր Ֆրանսիային, ուր նա Սարկոզիին մեղադրում էր երկրի դպրոցներում մուսուլման աղջիկների համար հիջաբ կրելու արգելքը սահմանելու համար: