Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ այսօր շարունակվել է «Կյանքի խոսք» կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ընկերության» գործով դատավարությունը, որով «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանը դիմել է դատարան` շաբաթաթերթին կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով:
Այս գործով սա արդեն երրորդ նիստն է, և դատավարությունը դեռ նախնական փուլում է: Այսօրվա նիստում հայցվոր կողմի՝ «Կյանքի խոսքի» առաջնորդ Արթուր Սիմոնյանի ներկայացուցիչ Արմեն Լուսյանը արդեն երկրորդ անգամ լրացրել է հայցադիմումը և միջնորդել է դատարանին իրենց 25 օր ժամանակ տրամադրել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ինչ-որ եվրոպական կրոնական ակադեմիայից փորձագիտական եզրակացություն ստանալու համար:
«Իրավունք-Հետաքննություն» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Կյանքի խոսքը» նշված անհասկանալի փաստաթղթով դատարանին պետք է ապացուցի, որ աղանդավորական կազմակերպություն չէ:
Դատարանն այսօր բավարարել է հայցվոր կողմի միջնորդությունը և դատական նիստը հետաձգել է մինչև մայիսի 10-ը, ժամը 15:00:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին հերքել պատիվը և արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները, ներողություն խնդրել և փոխհատուցել կատարված դատական ծախսերը: Ըստ նրա` «Իրավունք», «Իրավունք-Հետաքննություն» և Аргументы недели Армении թերթերի համապատասխան համարներում հրապարակվել են հոդվածներ, կոլաժներ, որոնցով վիրավորանք է հասցվել «Կյանքի խոսք» կազմակերպությանը:
«Իրավունք Մեդիա» ընկերության շահերի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայցի դեմ առարկել է ամբողջ ծավալով, քանի որ նրա խոսքով՝ հայցապահանջը պատվի, արժանապատվության, բարի համբավի արատավորման հետ որևէ կապ չունի: Հովհաննես Գալաջյանի խոսքով` իրենք էլ արդեն դատարանին են ներկայացրել որոշ ապացույցներ ձայնագրություններին և տեսաձայնագրությունների ձևով: Իսկ ինչ վերաբերում է նշված կրոնական կազմակերպության դատական պահանջի բուն էությանը. «Նրանք ուզում են նախադեպ ստեղծել, որ կարող են մամուլին լռեցնել և բացի դրանից՝ ստանալ դատական որոշում, որում կհաստատվի, որ աղանդ չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Գալաջյանը:
Հիշեցնենք, որ ըստ «Իրավունք-Հետաքննություն» թերթի խմբագրության տարածած տեղեկատվության` դատելով հայցվորի կողմից դատարան ներկայացված և 50 էջը գերազանցող հայցադիմումից՝ «Կյանքի խոսքը» և նրա պարագլուխ Արթուր Սիմոնյանը նպատակ են դրել իրենց առջև ոչ այնքան իրենց պատիվը, արժանապատվությունը պաշտպանելը, որքան հաստատելը, թե քրիստոնեական Հայաստանը պետք է լինի աղանդների հանգրվանը:
Կազմակերպության զայրույթն է առաջացրել «Իրավունք-Հետաքննության» թիվ 39-ում տպագրված կոլաժը և նրան ուղեկցող հրապարակումը: «Այդ «էրզաց-կրոնի բիզնեսմենին» (այդպես են նրան կոչում սոցիալական ցանցերում), հավանաբար, ափերից հանել է այն, որ հանրությանը ներկայացվել է սույն, ըստ Հայ Առաքելական եկեղեցու, աստվածատհաճ և շատերի կողմից չհարգված հաստատությանը՝ աղմկալի պոռնոսկանդալի հերոսուհի, «խելահեղ սեքսի» անվիճելի թագուհի Անժելա Սարգսյանի անդամակցության փաստը: Անշուշտ, սույն տգեղ իրողությունը էապես փչացրել է «գործարար համբավը» մի աղանդավորական կառույցի, որը արտաքին ապազգային և հակազգային ուժերի շահերի արտահայտիչն ու կամակատարն է: Եվ հենց այդ պատճառով Արթուր Սիմոնյանը կես կիլոգրամանոց հայցադիմում է ներկայացրել դատարան` ի պաշտպանություն ինչպես իր սիրելի անձի, այնպես էլ իր գլխավորած «Կյանքի խոսք» աղանդի «պատվի, արժանապատվության և գործարար համբավի»,- նշված է թերթի խմբագրության տարածած հայտարարության մեջ:








































