Երբ Ադրբեջանում անցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, կմասնակցենք Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման թեմային:
Նա նշեց, որ Գյումրիում տեղի ունեցավ այն, ինչ տեղի կունենար նորմալ երկրում. ադրբեջանական ֆիլմերի փառատոնը տապալվեց հանրային ճնշման տակ: Ըստ նրա՝ Մարաղայի ցեղասպանության 20-ամյակի օրերին անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, անբարոյականություն է կազմակերպիչների կողմից:
«Գեորգի Վանյանը հատուկ սադրանքի է դիմում, որպեսզի հետո զոհի կարգավիճակում ներկայանա: Շատ ուրախ եմ, որ այն միջոցառումը, որը փորձում է Վանյանն անցկացնել, տապալվում է և կտապալվի: Ինքն ավելի մեծ ատելություն է սերմանում հայերի մեջ ադրբեջանցիների նկատմամբ, այս թեման դարձրել է բիզնես: Մենք թույլ չենք տա, որպեսզի որոշ մարդիկ այս թեմայի վրա բիզնես կազմակերպեն»,- ասաց Տ. Քոչարյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը նկատեց, որ փառատոնը հանդուրժողականություն քարոզելու համար է, այնինչ ադրբեջանիցները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն հայերի նկատմամբ:
Նրա խոսքով՝ շարժումը դեմ է ոչ թե մշակութային դրսևորումների ներկայացմանը, այլ հանդուրժողականություն քարոզելուն: «Վանյանները և Լևոն Բարսեղյանները թող այնտեղ հանդուրժողականություն քարոզեն»,- ասաց Միրաքյանը:







































