Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի դատավորների և դատախազների գերագույն խորհրդի (HSYK) փոխնախագահ Ահմեթ Համսիջին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հրանտ Դինքի սպանության գործով սկսվել է երկու հետաքննություն:
Խոսքը Դինքի սպանության գործը քննած, Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի նախագահ Ռյուշթեմ Էրյըլմազի և դատախազ Հիքմեթ Ուսթայի մասին է՝ մամուլում արած նրանց հայտարարությունների առնչությամբ:
Որպես հետաքննության սկսման պատճառ է նշվում Դինքի սպանության վերաբերյալ կայացված դատավճռի շուրջը դատավորների ու դատախազի կողմից հնչեցրած իրարամերժ հայտարարությունները։ Մասնավորապես՝ դատավորը հայտարարել է, որ Դինքին չի սպանել կազմակերպված հանցավոր խումբը, մինչդեռ դատախազը հակառակն է պնդել։
Համսիջին հայտնել է, որ նրանց նկատմամբ զեկույցն արդեն պատրաստ է, սակայն իրենք դեռ չեն կարդացել այն՝ ընդգծելով, որ նրանց նկատմամբ անցկացվում է «կարգապահական հետաքննություն»:
Հիշեցնենք, որ մարտի վերջին Հիքմեթ Ուսթան իր անհամաձայնությունն է հայտնել Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանին՝ կապված Դինքի սպանությանն առնչվող՝ օրեր առաջ նրա հրապարակած հիմնավոր որոշման հետ, որում ասվում էր, որ ապացույցներ չկան, թե Դինքի սպանության հետևում կանգնած է հանցավոր խումբը: Նա հավելել էր, որ Դինքին սպանել է «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությունը:







































