Այն, որ աղավնիները իրենց նավիգացիոն ունակությունների շնորհիվ կարողանում են տուն վերադառնալ, հայտնի էր դեռ շատ վաղուց: Գիտնականները ենթադրում էին, որ թռչունի կտուցի վերին հատվածում երկաթով հարուստ նյարդային բջիջներ կան, որոնք օգնում են որսալ մագնիսական հոսանքները և տարածքում կողմնորոշվել: Հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ երկաթով հարուստ բջիջները գտնվում են ոչ թե նյարդային, այլ իմունային հյուսվածքներում:
Վիեննային Մոլեկուլային պաթոլոգիայի ինստիտուտի հետազոտող Դևիդ Քայզի խոսքով՝ ուսումնասիրությունների սկզբում իրենք հույս ունեին հայտնաբերել նյարդային մագնիսական բջիջներ, հակառակ սպասվածի իրենք գտել են հազարավոր մակրոֆագեր՝ լցված երկաթի փոքրիկ գնդիկներով: Գիտական զեկույցը հրապարակվել է Nature ամսագրում: Հետազոտողները, օգտագործելով մագնիսական ռեզոնանսային պատկերները և համակարգչային տոմոգրաֆիական սքանը, ստեղծել են աղավնու կտուցի եռաչափ պատկերը:
Գիտնականները հայտնում են, որ իմունային համակարգի բջիջները ամենևին չեն կարող էլեկտրական ազդանշաններ ապահովել, որոնցով հնարավոր լինի մագնիսական ալիքներ որսալ: Հետազոտությունները դեռևս ավարտված չեն: Կտուցի վերին հատվածից բացի հնարավոր է՝ երկաթով հարուստ բջիջներ լինեն նաև թռչունի քթի խոռոչում, որոնք էլ միգուցե պատասխանատու են մագնիսական հոսանքերը որսալու համար:









































