Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն Սինգապուրից վերադարձել է հայրենիք: Ականատեսների վկայությամբ՝ Հարարեի օդանավակայանում նա բավական լավ տեսք է ունեցել՝ չնայած երկու օր առաջ տարածված այն տեղեկություններին, որ «նա գտնվում է Սինգապուրի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում»:
Ավստրալական ABC հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել, թե 88-ամյա Մուգաբեն իբր հիվանդ է քաղցկեղով: Զիմբաբվեի կառավարության ներկայացուցիչները հերքել էին այդ լուրերը՝ նշելով, որ Մուգաբեն գտնվում է Սինգապուրում, որպեսզի աջակցի Սինգապուրի համալսարան ընդունվող դստերը: Սակայն համալսարանի ընդունելությունը սկսվում է միայն սեպտեմբերին:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, օդանավակայանում Մուգաբեն չի շփվել լրագրողների հետ: Նրան դիմավորել են կառավարության մի խումբ անդամներ և փոխվարչապետը:









































