Ուկրաինայի ընթացիկ առաջնության «Շախտյոր» – «Դինամո» հանդիպումից հետո Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական խորհրդի համակարգող Պիերլուիջի Կոլինան մոտեցել է հանդիպման մրցավար Յուրի Վասկանին` իմանալու, թե ինչու է վերջինս հեռացրել «Դինամո»-ի կիսապաշտպան Դենիս Գարմաշին: Մրցավարի որոշման պատճառները լսելուց հետո Կոլինան նրան շնորհակալություն է հայտնել հանդիպումը սպասարկելու համար:
Առաջին դեղին քարտը ֆուտբոլիստը ստացել է ոչ թե կոնկրետ խախտման, այլ մի քանի խախտումների համար: Հանդիպման մեկնարկային 8 րոպեների ընթացքում Գարմաշը կանոնները խախտել էր 3 անգամ:
Առաջին խաղակեսի վերջնամասում կիևյան ակումբի ֆուտբոլիստը նորից խախտումների շարք կատարեց. հանդիպման մրցավարը զգուշացրեց, որ հաջորդ խախտման դեպքում կհեռացնի խաղից, սակայն բանը չհասավ խախտման: Գարմաշը, բուժ. օգնություն ստանալու համար դուրս գալով խաղային գծից, վիրավորական արտահայտություն արեց մրցավարի հասցեին, որն էլ կարմիր քարտ ստանալու պատճառ դարձավ:
Այսպիսով՝ մրցավարը գործել է կանոնակարգի սահմաններում և ֆուտբոլիստին խաղադաշտից հեռացրել նույնիսկ ավելի ուշ, քան դա կարող էր անել:








































