ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը անընդունելի է համարել Սիրիայի իշխանությունների կողմից բռնության կիրառումը և կոչ է արել երկրի կառավարությանը դադարեցնել զինված գործողությունները մինչև ապրիլի 10-ը:
«Ես ապշած եմ մի շարք քաղաքներում և բնակավայրերում բռնության ալիքի և չարագործությունների մասին վերջին լուրերից, որոնք հանգեցրել են անհանգստության տեղիք տվող մեծ թվով զոհերի, փախստականների և տեղահանությունների: Դա նշանակում է, որ խախտվել են ինձ տրված հավաստիացումները»,- ասվում է Անանի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Interfax-ը:
Անանը ևս մեկ անգամ հիշեցրել է Սիրիայի իշխանություններին, որ զորքերը քաղաքներից դուրս բերելու վերջնաժամկերը ապրիլի 10-ն է, և հերթական անգամ նախզգուշացրել է իշխանություններին ու ընդդիմությանը, որ ապրիլի 12-ին առավոտյան ժամը 6-ի դրությամբ՝ բոլոր տեսակի բռնությունները պետք է դադարեցված լինեն:








































