Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կրթության նախարարությունը՝ հենվելով կրթական նոր համակարգի («4+4+4») վրա, տուգանելու է այն ծնողներին, որոնք իրենց երեխաներին թույլ չեն տա սովորել վարժարաններում: Ութամյա կրթություն ստացած երեխաներն ինքնաբերաբար պետք է գնան վարժարաններում սովորելու:
Եթե գրանցում ստացած այդ աշակերտները չհաճախեն վարժարաններ, ապա հետազոտվելու են դրա պատճառները: Նախ կրթության նախարարությունը դիմելու է աշակերտների ծնողներին՝ խնդրելով թույլ տալ իրենց երեխաներին այցելել վարժարաններ: Ապա սկսվելու է վարժարան չհաճախելու պատճառների վերացման գործընթացը:
Եվ եթե, չնայած այդ ամենին, ծնողները հրաժարվեն տալ իրենց թույլտվությունը, ապա նրանք կտուգանվեն: Ներկայիս դրությամբ կրթության նախարարությունը ճշգրտում է այդպիսի դեպքերի համար սահմանվող տուգանքի չափը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը «4+4+4» կրթական համակարգի մասին օրինագիծն ընդունել է մարտի 30-ին:










































