Իրանը զգուշացնում է, որ իր դեմ ագրեսիա կիրառելու դեպքում կարող է ռմբակոծել ԱՄՆ-ի տարածքը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` հիմնվելով Իսլամական հեղափոխության պահակային ստորաբաժանման ներկայացուցիչ Մասուդ Ջազաերիի հայտարարության վրա:
«Ցանկացած հարձակման դեպքում մենք ջախջախիչ պատասխան կտանք: Մենք կգործենք ոչ միայն Մերձավոր Արևելքի և Պարսից Ծոցի սահմաններում, ԱՄՆ-ի ոչ մի վայր ապահով չի լինի մեր հարձակումներից»,- Ջազաերիի բառերն է մեջբերում գործակալությունը։
Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ Իրանն առաջինը որևէ երկրի դեմ ռազմական հարձակում չի իրականացնի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Արևմուտքի մի շարք պետություններ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանն իր հերթին ժխտում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է երկրում էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:









































