ԱՄՆ-ի դատարանը մերժել է բլոգերների խմբի հայցն ընդդեմ Huffington Post պորտալի, որոնք վերջինից պահանջում էին ֆինանսական փոխհատուցում՝ չվճարված աշխատանքի համար: Այս մասին հաղորդվում է Bloomberg կայքում:
Անցյալ տարվա ապրիլին ինտերնետ ակտիվիստ Ջոնաթան Թասինի կողմից ղեկավարվող 9 հոգուց բաղկացած բլոգերների խումբը դատի էր տվել Huffington Post-ին: Բլոգերները հայտարարել էին, որ 5 տարի շարունակ իրենց տեքստերն անվճար հրապարակել են պորտալում:
Դրանից քիչ առաջ՝ 2011 թ. փետրվարին պորտալը 315 մլն դոլարով գնվել էր AOL ընկերության կողմից, և բլոգերները հայտարարել էին, որ իրենք արժանի են այդ գումարի 1/3–ին, այսինքն՝ 105 մլն դոլարի:
Ինտերնետի օգտատերերը նշել էին, որ հենց իրենց աշխատանքի շնորհիվ է Huffington Post-ն այդքան բարձր գնահատվել:
Ինչպես տեղեկացնում է The Guardian–ը, դատավորը մերժել է բլոգերների հայցը՝ հիմնվելով այն բանի վրա, որ նրանք տեքստերը հրապարակելիս տեղյակ են եղել, որ իրենց չեն վճարելու՝ ավելացնելով, որ հեղինակներին ոչ ոք չի պարտադրել հրապարակել իրենց նյութերը կայքում:
Huffington Post կայքը, որ համախմբում է լրատվական կայքերը, հիմնադրվել է 2005 թ.:
2011 թ. դեկտեմբերին կայքի այցելուների թիվը կազմել է ամսական մոտ 36 մլն:
Պորտալն առաջին անգամ չէ, որ հայտնվում է սկանդալի կենտրոնում:









































