Այսօր՝ Մեծ Պահքի Ավագ շաբաթվա երեքշաբթի օրը, եկեղեցիներում ընթերցվում է «Տասը կույսերի» առակը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տեր Նիկողայոս քահանա Հովհաննիսյանը բացատրեց առակի խորհուրդը։
Առակում ասվում է, որ կույսերը հավաքված էին, եկեղեցու մոտ և պիտի հարսանիք գնային։ Նրանք իրենց ձեռքերին ձեթ էին պահել, նրանցից 5-ն ուներ նաև հավելյալ ձեթ։ Մինչև փեսայի գալը մնացած 5-ի ձեթը վառվում, վերջանում է, և չեն կարողանում մտնել եկեղեցի։ «Ձեթը խորհրդանշում է բարիք ստեղծել այս կյանքում, որպեսզի հավիտենական կյանքում վայելեն դրա պտուղները։ Այն մարդիկ, ովքեր իրենց հետ ձեթ չեն վերցնում, ուրեմն ոչ մի բարիք չեն գործել և մուտք չունեն Աստծո արքայություն։ Նույնը եղավ և հիմար կույսերի հետ»,– բացատրեց քահանան։
Ազգագրագետ Սամվել Մկրտչյանն առակի մասին նշեց, որ ժողովրդի մեջ այն հայտնի էր «Հիմար և իմաստուն կույսերի առակ» անունով։ Երեկոյան, Ավետարանի ընթերցանությունից հետո տասը դպիրների կամ աղջիկների մոմեր էին բաժանվում, ափսեի մեջ թերթիկներ էին տեղադրում, որոնց վրա գրված էր «հիմար» և «իմաստուն»։ «Խորանի մոտ ընտրում էին թերթիկներից մեկը։ Նայած թե ում ինչ կընկներ՝ արժանանում էին համընդհանուր «նախատինքի» կամ «գովասանքի»,- հավելեց ազգագրագետը։









































