Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն իսպանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին մեր օրերի ֆանտաստիկ ֆուտբոլիստն է:
«Մենք մեր կարծիքները Մարադոնայի մասին կազմել ենք, երբ նա ավարտեց իր կարիերան, սակայն Մեսսիի դեպքում այլ է: Նա ընդամենը 24 տարեկան է: Եթե համեմատենք նրան և Մարադոնային, ապա կնկատենք, որ Մարադոնան ավելի արտիստիկ և ինքնատիպ ոճով էր առանձնանում, իսկ Մեսսիի պարագայում ավելի շատ գեղեցկությունն է երևում:
Մեսսին անչափ տաղանդավոր է և միշտ խաղում է նույն տեմպով: Նրա ստացած յուրաքանչյուր գնդակը կարող է վերածվել վտանգավոր գրոհի: Եթե նա շարունակի նույն կերպ, ապա կշրջանցի պատմության բոլոր ֆուտբոլիստներին, ինչու չէ՝ նաև Պելեին»,- ասել է Վալդանոն:







































