Ուկրաինան և Գերմանիան բանակցություններ են վարում այն հարցի շուրջ, որ Յուլյա Տիմոշենկոն բուժման կուրս անցնի Բեռլինի կլինիկաներից մեկում։ Այս մասին կիրակի օրը հաղորդել են ուկրաինական ԶԼՄ-ները` հղում անելով գերմանական DPA գործակալությանը:
«Դաշնային կառավարությունը բանակցություններ է վարում Ուկրաինայի կառավարության հետ, որպեսզի հնարավոր դառնա տիկին Տիմոշենկոյի բուժումը Գերմանիայում»,- DPA-ին մեջբերում է ուկրաինական Укринформ տեղեկատվական գործակալությունը:
Նման բանակցություններ վարելու փաստը հաստատել է նաև Charite կլինիկայի մամլո քարտուղարը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները քննարկում են Գերմանիայում Յուլյա Տիմոշենկոյի բուժվելու հարցը:
Ուկրաինայի նախկին վարչապետի փաստաբանը հայտարարել էր, որ նա պետք է բուժվի ոչ թե գաղութում, այլ մասնագիտացված կլինիկայում:








































